Կայծից բոց կբռնկվի, իսկ էլցանցում՝ թքած ունեն
30.06.2020 | 00:12
Անտեր վիճակը տարիների պատմություն ունի, որի հետ ոչ մի կերպ չեն համակերպվում մի ամբողջ գյուղ հիշեցնող Բադալ Մուրադյան թիվ 1 բազմաբնակարան շենքի բնակիչները։ Չեն էլ կարող, քանի որ իրենց քթի տակ գտնվող պուրակ-խաղահրապարակի մեջտեղով, ընդամենը 2 մետր բարձրությամբ անցնում են տասնյակից ավելի հին ու նոր էլեկտրական լարեր, որոնք թույլ քամու դեպքում իրար են գալիս, խճճվում... Եվ բացառված չէ, որ կայծից բոց կբռնկվի՝ անցանկալի հետևանքներով։
Աբսուրդն այն է, որ պուրակի պարիսպների տակով խոյացող էլեկտրական սյուները թողած, էլցանցի մասնագետները ընտրել են կարճ և հեշտ տարբերակը՝ հոսանքալարն ամրացրել ծառերի ճյուղերին, անգամ գազատար խողովակին։
Թափթփվածությունը, որն իր մեջ ռիսկեր է պարունակում, սկսվում է թաղամասը սնուցող էլեկտրաենթակայանից. թիթեղյա տանիքի վրա առաջացած լարերի սարդոստայնը ոչ մեկին չի հետաքրքրում, չի զգոնացնում՝ բացի բնակիչներից։
Ոգևորված երկրում տեղի ունեցած իրավիճակային փոփոխությունից և սպասվող բարեփոխումներին ընդառաջ, 200-ից ավելի բնակիչների կողմից ընտրված ներկայացուցչակազմը առանց պաշարման գործողությունների ներխուժել է «Նոր Նորք և Ավան» վարչական շրջանների սպասարկման տարածքային էլցանց։ Ղեկավարությանը հանդիպել չի հաջողվել՝ COVID-19-ով պայմանավորված աշխատանքային նոր կանոններով։ Բայց և այնպես, օրվա մուտքը վերահսկող պահակի շնորհիվ բողոքավորները հաջողել են հեռախոսազրույց ունենալ գլխավոր ճարտարապետի հետ։
-Հարգարժան Մատինյանն առաջին անգամ զարմանքով ընդունեց մեր խնդիրը՝ պահանջելով գրավոր տեղեկատվություն,- ասաց բնակիչներից մեկն ու շարունակեց,- բայց հենց որ առարկեցինք, փոխեց վերաբերմունքը։
Կարճատև երկխոսությունն ավարտվել է պաշտոնական խոստումով. «Վաղը բրիգադ կուղարկեմ, տեղում կուսումնասիրեն և ինչ որ հարկն է, կանեն»։
Հավատացին։ Վերադարձան։ Սպասեցին։ Ավելի քան 20 օր։ Ոչ մի տեղաշարժ։
Ոչինչ չփոխվեց, բայց գնալով պուրակն ավելի մարդաշատ դարձավ։ Պահպանելով պարետատան սահմանած կանոնները, ծնողների աչքի առաջ անհոգ վազվզող, խաղամիջոցներից օգտվող երեխաների գլխավերևում ճոճվող վտանգալեցուն հոսանքագծերը մնացին նույնը։ Եվ Աստված չանի, որ դրանցից մեկն ու մեկը կտրվի, ընկնի գետին...
Բնակիչների տեղին անհանգստությանը և օրինական պահանջին տեր կանգնելով, նախ՝ եղանք տեղում, այնուհետև փորձեցինք միջամտել, հասկանալ, թե որն է խնդիրը։ Էլցանցի նույն պաշտոնյան սիրալիր գտնվեց։ Հիշեց պրոբլեմը։ ՈՒ չզլացավ՝ իմ հսկողության տակ կառնեմ։ Մենք էլ «ծածուկ» որոշեցինք հետևել նրա խոսքի և գործի համակցությանը։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ. Գ. 1. Ճարտարագետ Մատինյանին և առհասարակ ցանկացած մեծ ու փոքր ղեկավարներին ի՞նչն է հատուկ, որ կարծիք ստեղծելու տեղիք է տալիս՝ սիրալիր պատասխանն ու գործի բարեհամբույր ձգձգու՞մը, թե՞ այլ տոնայնությամբ խոսելուց հետո անմիջապես գործի անցնելը։
Այս դեպքում նկատի կունենանք երկուսից մեկը։ Ո՞րը։
Հ. Գ. 2. Թերթը պատրաստ էր տպագրության, երբ խմբագրությունում ստացված զանգը փոխեց աշխատանքային լարվածությունը. մեր միջամտությունը դրական արդյունք էր տվել։ Բնակիչները հաճելիորեն զարմացած հետևել էին, թե ինչպես են Մատինյանի դեսանտ իջեցրած աշխատախումբն ու տեխնիկան մի քանի ժամվա ընթացքում վնասազերծում վտանգի առաջին աղբյուրը։ Լիահույս են, որ առաջիկա նյութամատակարարման դեպքում գլխավոր ճարտարագետը իր խոսքից ավելին կանի՝ պուրակի տարածքով այլևս չեն անցնի ոչ մի հաղորդալար, եռաֆազ մալուխներ, կավելանան նոր լուսատուներ և ամենակարևորը՝ տեխնիկական ոչ ճիշտ լուծումներն ու էլեկտրաենթակայանը կարգի կգան 15 տարվա անտերությունից հետո։
Հեղինակի նյութեր
- «Կամավոր պարտադիր» հիմունքներով դոնորը
- Նա չստեց. երկիրը, իրոք, վերածեց արյան ծովի (բայց ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում)
- Ինքնախաբեության դրսևորումներ
- Դիվանագիտական ստախոսություն
- Դեբիտորական պարտքի հավաքագրումը դատական կարգո՞վ, թե՞ բաժնեմասային սեփականատերերի արդարացումը դատարանով
- Կարմիր կովը կաշին չի փոխում
- Փաշին յան տալը փաշինյանական հոգեկերտվածքո՞վ, թե՞ թավիշով
- Տիգրան ՈՒրիխանյանն ու՜ր, վարչապետն ու Էդմոն Մարուքյանը ուր
- Համակրանքից՝ հակակրանք, հակակրանքից՝ հակազդեցություն
- Հախուռն մտքի գեներացումը «ստուկ» է տալու
- Որտեղ է թաղված շան գլուխը
- Տիկին Շուշանիկն ու միջազգային մակարդակի անհամապատասխանությունը
- Հետողորմյա մայր թատրոնում
- Ո՞վ է անվստահություն հայտնողը, ժողովու՞րդը, թե՞ իմքայլական իշխանությունը
- Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
- Բնամթերքի փոխարինիչը` բառամթերք
- Արթուր Վանեցյան. «Թող իմ հրաժարականը լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլը»
- Անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում
- Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը
- Այսօր` տեղապտույտ, իսկ վաղը` խոսքապտույտ
Մեկնաբանություններ